ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Հայտնի ռեփեր Սնուպ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացած հոնորարը վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրես» գործակալությունը` հղում անելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։
«Սնուպ Դոգին վճարված հոնորարը արտիստի կողմից փոխանցվել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը»,– նշում է լրատվամիջոցը։
«Արմենպրեսը» գրում է, որ ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգային ծրագրի իրականացման համար «Դոպինգ Սփեյս» ընկերությունը կատարել է ծախսեր` ներառյալ Սնուպ Դոգի հոնորարը, վաճառված տոմսերի մեծ մասի գումարները գնորդների ցանկությամբ վերադարձվել է նրանց, և այժմ մի շարք տոմսերի գումարներ նույնպես գտնվում են վերադարձման փուլում։
Հիշեցնեք՝ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել էր 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել էր դրամաշնորհի տեսքով։
Ռեփերի հոնորարը կազմում է 1,8 մլն դոլար։