Կայացել է Պուտինի առաջին հեռախոսազրույցը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ

Վլադիմիր Պուտին
Կրեմլից հայտնել են, որ զրույցը կրել է կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Տեղի է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի մասին կարծիքների հանգամանալից փոխանակում։ Ռուսական կողմն ընդգծել է սկզբունքային դիրքորոշում` ի պաշտպանություն սիրիական պետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Այդ կապակցությամբ նաև ընդգծվել է երկրում կայուն կարգավորման նպատակով համալիր միջոցառումների իրականացման, առաջատար քաղաքական ուժերի և բնակչության էթնիկ խմբերի մասնակցությամբ ներսիրիական երկխոսության ակտիվացման կարևորությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը` ներառյալ նրա բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում: Նա նաև հաջողություն է մաղթել ալ-Շարաային՝ Սիրիայի նոր ղեկավարության առջև ծառացած խնդիրների լուծման գործում։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները նաև հետագայում։ Զրույցը կրել է կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ»,– հայտնել է Կրեմլը։
Էրդողանն ու ալ-Շարաան քննարկել են քրդերի դեմ Թուրքիայի և Սիրիայի պայքարը
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, ինչից հետո Բաշար Ասադը լքեց երկիրը։
2025-ի հունվարին Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ անցումային շրջանում նախագահի պարտականությունները կկատարի Ահմեդ ալ-Շարաան ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդը (ճանաչվել է ահաբեկչական և արգելված է ՌԴ-ում):