ՀԱՄԱՍ–ը Գազայի վերաբերյալ Թրամփի հայտարարություններն անվանել է ռասիզմ ​​

ՀԱՄԱՍ–ի մարտիկ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկողության տակ կառնի» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնման աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Գազայի հատվածի վերափոխման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները ռասիզմի դրսևորում են և էթնիկ զտումների կոչ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։
Երեկ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման բաց հատվածի ժամանակ Թրամփն հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի գնի Գազայի հատվածը և դրա վրա ծախսի հարկատուների գումարները, սակայն այն կլինի ամերիկյան տիրապետության տակ: Բացի այդ Թրամփը «ճիշտ» քայլեր է խոստացել Գազայի հետ կապված և հայտարարել, որ հույսը դնում է Եգիպտոսի հետ պայմանավորվածությունների վրա։
«Թրամփի հայտարարությունները ռասիստական ​​են, դրանք էթնիկ զտումների կոչ են՝ պաղեստինյան հիմնախնդիրը վերացնելու և մեր ժողովրդի իրավունքները ժխտելու համար», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկողության տակ կառնի» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնման աշխատանքների համար, ինչպես նաև այն կվերածի «մերձարևելյան ռիվիերայի» ամբողջ աշխարհի համար: Միևնույն ժամանակ նա Գազայի ներկայիս հատվածն անվանել է «քանդման ենթակա հարթակ» և հայտարարել, որ Գազայի բնակիչները պետք է ընդմիշտ հեռանան այլ երկրներ՝ որպես իրենց ապրելու վայր առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Նա նաև չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացել, որ անձամբ կայցելի այնտեղ։ Ավելի վաղ հանրապետականները ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որով Հորդանան գետի Արևմտյան ափի տարածաշրջանի անվանումը պաշտոնական փաստաթղթերում աստվածաշնչյան «Հրեաստանի և Սամարիայի» փոխելու մասին։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Գազայի հատվածից պաղեստինցիներին արտաքսելու և անկլավի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն սահմանելու մասին Թրամփի խոսքերը։ Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդելհաֆիզ Նոֆալը հայտարարել էր, որ Պաղեստինը դեմ է ԱՄՆ նախագահի գաղափարին։ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, ելույթ ունենալով խորհրդարանում, Գազայի հատվածն անվանել էր «ձախողված փորձ» և հորդորել ականջալուր լինել Թրամփի գաղափարներին` կապված անկլավի բնակիչների այլ երկրներ տեղափոխվելու մասին: