Արցախի նախագահը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել

Փետրվարի 11-ին ԱԺ-ի միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողին մեղադրեց արցախցիների չկռվելու և փախչելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:
Այս մասին նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Փետրվարի 11-ին ԱԺ-ի միջանցքում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողին մեղադրեց արցախցիների չկռվելու և փախչելու համար, կրկնելով, որ պետք էր մնալ ու կռվել։ Ընդ որում, Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը կռվել է և Ղարաբաղին անհրաժեշտ զենք ու աջակցություն է տրամադրել: Սա բուռն արձագանք է առաջացրել հասարակության շրջանում, բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ արդեն դատապարտել են այդ հայտարարությունը։
«Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցված գնահատականները՝ կապված արցախցիների պայքարի, հայրենիքի պաշտպանության և Արցախի իշխանությունների գործողությունների հետ, որով փոթորկել է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի՝ առանց այն էլ չխաղաղվող հոգիները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է՝ այս հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ:
Սամվել Շահրամանյանը ընդգծել է, որ արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, ով տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:
Արցախի նախագահը հորդորել է է պառակտիչ և վտանգավոր հայտարարությունների փոխարեն ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն օգտագործել արցախահայության գոյաբանական խնդիրների լուծման համար, ամբողջ էներգիան ու ջանքերն ուղղել արցախցի քույրերին և եղբայրներին առաջարկվող բնակարանային ապահովման տապալված ծրագրի վերանայմանը և բավարար պայմաններ ստեղծել, որ արցախցիները մնան Մայր Հայաստանում:
Հիշեցնենք` Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։