ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. «Wildberries» մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Կիմն ու Վլադիսլավ Բակալչուկը պաշտոնապես ամուսնալուծվել են։ Բակալչուկն այդ մասին գրառում է արել Telegram–ում։
«Ընկերներ, ես ու Տատյանան պաշտոնապես ամուսնալուծվեցինք։ 22 տարվա պատմությունն ավարտվեց։ Իհարկե, տխուր պահ է. ժամանակին ես հպարտանում էի մեր ընտանիքով, մեր հարաբերություններով: Բայց վերջին ամիսները ցույց տվեցին, որ այսպիսի ավարտն անխուսափելի էր», - գրել է Բակալչուկը։
Նա նշել է, որ երեխաները կմնան մոր հետ։ Դատարանը փետրվարի 18-ին նոր նիստ կանցկացնի, և կորոշվի գույքի բաժանման հարցը։
Հիշեցնենք` Բակալչուկների կոնֆլիկտն արդեն մի քանի ամսվա պատմություն ունի. ամուսնալուծությանը զուգահեռ նրանք բաժանում են գույքը: Նախկին ամուսինները լուրջ տարաձայնություններ ունեն ընկերության ապագայի հարցում։
Հուլիսի սկզբին «Wildberries»–ը և «Russ»–ը ստեղծեցին նոր համատեղ ընկերություն՝ «RVB» ՍՊԸ–ն՝ 20 մլն ռուբլի կանոնադրական կապիտալով։ Ընկերության 65%–ը պատկանում է «Wildberries»–ին, իսկ 35%–ը՝ «Սթինն» ընկերությանը, որը պատկանում է «Russ Outdoor» արտաքին գովազդի ընկերությանը։ Տատյանա Բակալչուկը հայտնել է, որ ինքն է գլխավորելու միավորված ընկերությունը։
«Wildberries»-ի հիմնադիրը 2024 թվականին հայտնեց, որ փոխել է ամուսնական ազգանունը և կրկին դարձել Տատյանա Կիմ։