ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցում փետրվարի 9-ին ժամը 23:15–ի սահմաններում ավտոմեքենա է պայթել, կա տուժած քաղաքացի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Պարզվել է, որ Նաիրյան 181/1 հասցեում գտնվող խանութի դիմաց «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի մեջ Գեղարքունիքի մարզի բնակիչ Յուրի Կ.–ն վիճաբանել է իր ծանոթի հետ:
Այդ ընթացքում նա նռնակ է վերցրել ու սպառնացել է, որ կպայթեցնի:
«Ավտոմեքենայում գտնվողը փորձել է իջնել ավտոմեքենայից, Յու. Կ–ն փորձել է նրան բռնել, և այդ պահին նռնակն ընկել է նրա ձեռքից։ Ավտոմեքենայի մեջ գտնվող քաղաքացին իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Յու. Կ–ն տեղափոխվել է «Սևան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևան»,– գրել է կայքը:
Յուրի Կ.–ն հիվանդանոց էր տեղափոխվել «թիկնային, գոտկային և գլուետալ շրջանների բազմակի բեկորային վնասվածքներ, թափանցող հարցականով» վնասվածքներ ախտորոշմամբ:
Դեպքի վայր են ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Սևանի քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ-ից էլ ավելի ուշ հայտնեցին, որ 28-ամյա երիտասարդը «ՎԱԶ-21124» մեքենայի մեջ անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 45-ամյա կնոջ հետ և սպառնացել, որ մոտը գտնվող նռնակով կպայթեցնի նրան: Իսկ երբ փորձել է թույլ չտալ, որ կինն իջնի մեքենայից, նռնակն ընկել է ձեռքից: Այդ ընթացքում կնոջը հաջողվել է դուրս նետվել մեքենայից, իսկ նռնակը պայթել է, ինչի հետևանքով 28-ամյա երիտասարդը ստացել է մարմնական վնասվածքներ: