Ռումինիայի նախագահը հրաժարական է տալիս

Կլաուս Յոհաննիս
Նախագահը կանխատեսում է, որ հասարակությունը կպառակտվի, իսկ «դրսում» կտարակուսեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը փետրվարի 12-ին հրաժարական կտա: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է ռումինական ԶԼՄ–ների տարածած հայտարարության մեջ։
«Այսօր խորհրդարանում նախաձեռնվել է իմ պաշտոնանկության ընթացակարգը, ես համարում եմ, որ դա չհիմնավորված քայլ է։ Մի քանի օրից խորհրդարանը կքվեարկի իմ հրաժարականի օգտին, որից հետո երկրին ճգնաժամ է սպասում՝ կապված այդ հարցով հանրաքվեի հետ»,- հայտարարել է Յոհանիսը։
Նախագահը կանխատեսել է, որ հասարակությունը կպառակտվի, իսկ «դրսում» կտարակուսեն, քանի որ Ռումինիան արդեն պատրաստվում է նախագահական ընտրություններին:
«Ըստ էության, մեզ վրա կծիծաղեն»,- նշել է նա:
Ճգնաժամից խուսափելու համար նա որոշել է ժամանակից շուտ թողնել պաշտոնը։
Խորհրդարանական ընդդիմությունը երրորդ անգամ է նախագահի պաշտոնանկության ընթացակարգ նախաձեռնել, և խորհրդարանի ղեկավարությունը որոշել է հարցը քննարկել փետրվարի 13-ին: Պաշտոնապես ընդդիմությունը վիճարկում է դեկտեմբերի 21-ին լիազորությունների ժամկետի ավարտից հետո Յոհաննիսի իշխանության մնալու իրավունքը, թեև Սահմանադրական դատարանը հաստատել է այդ որոշումը: Սակայն դրա հետևում ավելի խոր հակամարտություն կա դեպի ԵՄ-ին ձգտող գլոբալիստական քաղաքականության կողմնակիցների և ազդեցություն ձեռք բերող ազգայնական ուժերի միջև: Դիմակայության առիթ է դարձել նախագահական ընտրությունների չեղարկումը, որոնց առաջին փուլը կայացել է նոյեմբերի 24-ին:
Յոհաննիսի պաշտոնաթողության օգտին հանդես են գալիս «Դաշինք հանուն ռումինացիների միավորման», «S.O.S Ռումինիա», «Երիտասարդների կուսակցություն», ինչպես նաև աջ-կենտրոնամետ «Միություն հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունը: Դեմ են իշխող կոալիցիան, որը ներառում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ազգային լիբերալ կուսակցությունը (NLP) և Ռումինիայի հունգարացիների ժողովրդավարական միությունը:
Յոհաննիսիհեռանալուց հետո պետության ժամանակավոր ղեկավար կդառնա Սենատի խոսնակ Իլիե Բոլոժանը (NLP):
2024 թվականի նոյեմբերի 24-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, և հաղթեց անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն՝ հավաքելով քվեների 22,94%-ը։ Երկրորդ փուլում նրա մրցակիցը պետք է լիներ Ելենա Լասկոնին (Ռումինիայի փրկության միությունից), որը ստացել էր քվեների 19,18%–ը:Սակայն դեկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները և որոշեց, որ պետք է նորից ընտրություններ անցկացվեն: Նման որոշման պատճառ դարձան հատուկ ծառայությունների տվյալները, որոնց համաձայն` Ջորջեսկուն ապօրինաբար է ֆինանսավորել իր քարոզարշավը, ընտրությունների թվային ենթակառուցվածքի վրա հաքերային հարձակումներ են իրականացվել, ինչպես նաև «հիբրիդային գործողություններ» են տեղի ունեցել Ռուսաստանի կողմից: Արդյունքում դատարանը վճռեց, որ Յոհաննիսը կմնա պաշտոնում մինչև նոր նախագահի երդմնակալությունը, ինչն արժանացավ ընդդիմության կտրուկ արձագանքին: