ՀՀ–ում կբարձրացվեն հաշվետվություն չհրապարակող խոշոր ընկերությունների տուգանքները

ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ (23 մարտի, 2022թ). Երևան
ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` այժմ Հայաստանում խոշոր ընկերության աուդիտի միջին արժեքը կազմում է մոտ 6 մլն դրամ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում կբարձրացվեն խոշոր ընկերությունների տուգանքները, որոնք աուդիտ չեն անցնում և ֆինանսական հաշվետվություններ չեն հրապարակում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Այժմ Հայաստանում կա մոտ 550 ընկերություն, որոնք պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել աուդիտորական եզրակացությամբ: Դրանք, առաջին հերթին, ֆինանսական հատվածի ընկերություններն են և բորսայում արժեթղթեր թողարկող կազմակերպությունները, ինչպես նաև խոշոր ընկերությունները, որոնց ակտիվների ծավալն առնվազն 10 մլրդ դրամ է, շրջանառությունը` 20 մլրդ դրամ, աշխատակիցների թիվը՝ 250։ Ըստ փոխնախարարի` առաջին խմբի ընկերությունները ռիսկեր չեն առաջացնում, քանի որ հաշվետվությունները հրապարակում են ժամանակին, սակայն խոշորների մեջ նման կարգապահությունը պահպանում է միայն կեսը։
Ֆինանսների նախարարությունը եկել է այն եզրակացության, որ այդ ընկերությունները կշարունակեն անտեսել հաշվետվողականությունների հրապարակումը, քանի որ տուգանքներն անհամաչափ փոքր են։ Այսպիսով, ուշացումով` հունիսի 30–ից հետո, հրապարակման համար տուգանք է նախատեսված 50 հազար դրամ, իսկ մեկ ամիս անց՝ 500 հազար դրամ։ Այժմ ֆինանսների նախարարությունն առաջարկում է այդ տուգանքները եռապատկել մինչև 150 հազար և 1,5 մլն դրամ, իսկ ևս մեկ ամիս ուշացնելու դեպքում՝ 3 մլն դրամ:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց, որ աուդիտի արժեքը զգալիորեն աճել է, քանի որ աուդիտորների մի մասը հրաժարվել է քննություններ հանձնել հաշվապահների և աուդիտորների պալատին անդամակցելու համար (այդ պալատից դուրս ոչ ոք իրավունք չունի աուդիտորական ծառայություններ մատուցել–խմբ.):
Պողոսյանը հիշեցրեց, որ մինչև 2008 թվականը աուդիտորները պարտավոր էին քննություն հանձնել 5 տարին մեկ անգամ, դրանից հետո նրանց թույլ են տվել անժամկետ աշխատել 15 տարուց ավելի, և հիմա, ի վերջո, ցանկանում են կանոնակարգել այդ ոլորտը:
«Ֆինանսների նախարարության կողմից ավելի քան արդարացված է ստուգել նրանց գիտելիքները, և տարօրինակ է, թե ինչու է աուդիտորների մի մասը հրաժարվում դրանից»,– ընդգծեց Պողոսյանը։
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` այժմ Հայաստանում խոշոր ընկերության աուդիտի միջին արժեքը կազմում է մոտ 6 մլն դրամ: