ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Երևանի 3 վարչական շրջանի մանկապարտեզներում 158 տեսախցիկ է տեղադրվել։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին ասաց գնումների վարչության պետ Վահան Պապիկյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ 2024 թվականի ապրիլի 1-ին հանձնարարական էր տվել, որ քաղաքապետարանին կից գործող բոլոր 162 մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն։
«Մրցույթի արդյունքում համապատասխան պայմանագրերը կնքվել էին առանց ֆինանսական միջոցների հատկացման։ Այժմ 1700-ից 158-ի մասով ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը հաստատվել է։ Պայմանագրի կառավարման փուլում Երևանի Կենտրոն, Մալաթիա–Սեբաստիա և Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներում 158 տեսախցիկ է տեղադրվել»,– նշեց նա։
Պապիկյանի խոսքով` այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ, որպեսզի մնացածի մասով ֆինանսական միջոցները հաստատվեն։ Դրանով պայմանավորված` առաջարկվեց հանձնարարականը հետաձգել մինչև ապրիլի 1-ը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց` անպայման պետք է շարունակել գործընթացը, քանի որ իրենք շատ են կարևորում երեխաների անվտանգությունը։ Նա ընդգծեց` տվյալ համակարգին շատ սահմանափակ թվով մարդիկ պետք է հասանելիություն ունենան, քանի որ իրավունքների խախտման դեպքերը բազմաթիվ կարող են լինել։
Երևանի քաղաքապետի կարծիքով` մանկապարտեզներում չափավոր վերահսկողությունը պարտադիր է, որովհետև լինում են բռնության դեպքեր, ու դրանք պետք է հետագայում վերացվեն։
Հիշեցնենք` 2024 թվականի հունվարի սկզբին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող 162 մանկապարտեզներից 41-ում է տեսախցիկ տեղադրված։