ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանցիները Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում պղծել են 44-օրյա պատերազմի մասնակիցների գերեզմաններ, ջարդել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամաններ, պոկել են սալահատակի քարերը: Այս մասին հայտնում է monumentwatch.org կայքը, որի թիմն ուսումնասիրել է 2025թ․ փետրվարին սոցցանցերում տարածված տեսանյութերը։
Միաժամանակ, կայքն ընդգծում է, որ տապանաքարերը, դրանց վրա առկա գրությունները, զինվորների պատկերներն անվնաս են:
«Թեև ադրբեջանական իշխանությունները դեռ չեն դիպչում հուշահամալիրին, սակայն ակնհայտ է, որ այն պարբերաբար դառնում է վանդալիզմի թիրախ և գտնվում է ոչնչացման սպառնալիքի տակ»,- նշված է հոդվածում։
Հիշեցնում են, որ հայկական հուշարձանների, այդ թվում գերեզմանոցների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ։
Գերեզմանոցների պղծումը նաև պատերազմական հանցագործություն է՝ համաձայն Հռոմի ստատուտի։