Ցուրտ եղանակին ու հատկապես Նոր Տարվա ակտիվ շփումներից հետո, ավանդաբար գլուխ են բարձրացնում սուր շնչառական հիվանդությունները։ Այս տարի ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` առողջապահական հաստատություններ է դիմել 9 հազար 105 մարդ, որոնց մոտ 75 տոկոսը մինչև 18 տարեկան են։ 863 պացիենտ հոսպիտալացվել է, որոնց 93 տոկոսն են մինչև 18 տարեկանները։
Սուր շնչառական վարակներն ակտիվանում են ամեն տարի նույն ժամանակաշրջանում, բայց վերջերս ավելացել են թոքաբորբի դեպքերը, հազն ավելի երկար է տևում ու տպավորություն է, որ գրիպը սկսել է ուշ լավանալ։
Ինչո՞վ է դա պայմանավորված և ո՞րն է վարակների այս տարվա ակտիվության տարբերությունը նախորդ տարիներից։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոնի թերապևտ Կարինե Ստեփանյանի հետ։