ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը անվտանգության ներկայացուցիչների հետ քննարկում է զենքը վայր դնելու անհրաժեշտության մասին գրոհայիններին ուղղված իր կոչը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական կառավարամետ «Türkiye» թերթին:
Տեղեկությունների համաձայն՝ Օջալանն արդեն ուղերձ է գրել ՔԱԿ-ին։ Բովանդակությունը չի հրապարակվում, սակայն անվտանգության ստորաբաժանումների և Օջալանի միջև բանակցությունների ընթացքում քննարկվում է զենքը վայր դնելու կոչի բովանդակությունը, այն մեթոդը, որի միջոցով դա կարվի, և արդյոք դա արդյունավետ կլինի կազմակերպության համար:
«Անվտանգության մարմինների աղբյուրները հայտնել են, որ այդ բանակցություններն ընթանում են քրդամետ DEM կուսակցության պատվիրակության, Օջալանի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) միջև։ Ինչպես է արվելու զենքը վայր դնելու կոչը, ինչ ձևով է արվելու` բանավոր, թե գրավոր: Այս հարցերն այժմ քննարկվում են», - գրում է թերթը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Օջալանը մի շարք պահանջներ է ներկայացրել, սակայն «ներման» հարցն ընդհանրապես չի քննարկվել:
«Հաղորդվում է, որ եթե կազմակերպությունն ամբողջությամբ զինաթափվի, պայմանավորվածություն ձեռք կբերվի, որ հիվանդ և տարեց բանտարկյալները կարող են մնացած ժամկետը կրել տնային կալանքի տակ։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրներն ասել են. «Այն, ինչ պետք է անել, զենքը վայր դնելն է։ Հետո մենք կտեսնենք, թե արդյոք կա ինչ-որ բան, որը պակասում է: Ոչ մի քայլ չի կարող կատարվել առանց զենքը վայր դնելու»», - հայտնում է պարբերականը։
Նշվում է, որ Իմրալի կղզում ցմահ ազատազրկման դատապարտված Օջալանը փետրվարի 15-ին կողմնակիցներին կոչ կանի վայր դնել զենքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի ընդունի երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալներին որպես Սիրիայի քրդերի ներկայացուցիչներ: Իր հերթին Օջալանը քրդամետ DEM կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ «դրական քայլ» ձեռնարկել Թուրքիայի տարածքում քրդական հարցը լուծելու համար:
Հիշեցնենք` Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է 1984 թվականին, վերսկսվել` 2015-ին։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Մոսուլից դեպի հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում թուրք զինվորականների ներկայությունը վեճի թեմա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև. վերջինս այդ ներկայությունն արդարացնում է Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ պայքարի անհրաժեշտությամբ։