Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհի հետևանքով կա մեկ զոհ, բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։
Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29-ը քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում: Նրանցից 6-ը անչափահասներ են։
Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: