ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայազգի Նորա Բայրաքդարյանը Լիբանանի նոր կառավարությունում նախարարի պաշտոն է զբաղեցրել։
Այս մասին հայտնել է Լիբանանի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մակիան` ներկայացնելով 24 նախարարից բաղկացած նոր կառավարության կազմը։ Վարչապետը Նաֆար Սալամն է։
Նշենք, որ հունվարի 9-ին Լիբանանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ է ընտրել բանակի հրամանատար Ժոզեֆ Աունին։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 128 պատգամավորից 99-ը։
Պարբերականներն նշում են, որ Բայրաքդարյանը նշանակվել է երիտասարդության և սպորտի հարցերով նախարարի պաշտոնում։
Նա ՀՅԴ ներկայացուցիչ է։
Նախարարի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Նորա Բայրաքդարյանն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետին ու ստացել նրա օրհնությունը։
Հավելենք` Բայրաքդարյանը միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է և Լիբանանի համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ինչպես նաև իրավաբանական, քաղաքական, վարչական և տնտեսական գիտությունների դոկտորանտուրայի գիտական խորհրդի անդամ։ Նա Բեյրութի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և պետական կառավարման ֆակուլտետի միջազգային հարաբերությունների ավագ դասախոս է: