ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակներում Իսրայելի բանտերից ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալները Հորդանանի Արևմտյան ափին գտնվող Պաղեստինի ազգային վարչակազմի մայրաքաղաք Ռամալլահ քաղաքում են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հրադադարի առաջին փուլի շրջանակներում Իսրայելը ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածից ևս 3 պատանդների ազատ արձակման դիմաց ազատել է 183 բանտարկյալի:
Գործակալության տվյալներով՝ հազարավոր մարդիկ են դիմավորել կալանավորներին տեղափոխող ավտոբուսը, երբ այն հասել է Ռամալլահում գտնվող Պաղեստինի ազգային վարչակազմի նստավայր:
Ընդ որում, Պաղեստինյան Կարմիր մահիկի կազմակերպությունը հայտնել է, որ Կարմիր Խաչի կողմից երկու բանտարկյալներին հանձնելուց հետո իր աշխատակիցներն անմիջապես ստիպված են եղել նրանց տեղափոխել Ռամալլահի մասնագիտացված հիվանդանոց։
Իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու վերաբերյալ հունվարի 19-ից Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում գործում է հրադադարի ռեժիմ:
Գազայի հատվածում հրադադարի գործարքի առաջին փուլի շրջանակներում այսօր իրականացվում է պաղեստինցի բանտարկյալների հետ իսրայելցի պատանդների հինգերորդ փոխանակումը: