ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքն այսօր վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ձերժինսկ քաղաքը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«2025 թվականի փետրվարի 7-ին 51-րդ բանակի 1-ին, 9-րդ և 132-րդ գվարդիական առանձին մոտոհրաձգային բրիգադների ստորաբաժանումների և «Կենտրոն» զորախմբավորման «Վետերաններ» կամավորական կազմավորման ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել Է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ձերժինսկ քաղաքը», - ասվում է հաղորդագրության մեջ։
2024 թվականի հոկտեմբերին ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ազատագրվել է Ձերժինսկ քաղաքի տարածքի ավելի քան երկու երրորդը, իսկ ՌԴ ԶՈւ-ն առաջ է շարժվում ՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղելով բարձրահարկ շենքերից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։