ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Ռուսական զորքը Ձերժինսկի մոտ գործողության ընթացքում 11 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական զորքն այսօր վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ձերժինսկ քաղաքը։ 2024 թվականի հոկտեմբերին ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ ազատագրվել է Ձերժինսկ քաղաքի տարածքի ավելի քան երկու երրորդը, իսկ ՌԴ ԶՈւ-ն առաջ է շարժվում՝ Ուկրաինայի զինված ուժերին դուրս մղելով բարձրահարկ շենքերից։
«Ձերժինսկի ազատագրված, խիտ քաղաքային կառուցապատումով տարածքը կազմել է ավելի քան 50 քառակուսի կիլոմետր։ Բացի այդ, Ձերժինսկ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ազատագրվել է Տորեցկայա ագլոմերացիայի (քաղաքային համայնքի) 11 բնակավայր և 139 քառակուսի կիլոմետր տարածք»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։