ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է նյութապես խրախուսել այն քաղաքացիներին, որոնք կահազանգեն ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի մասին։
Սարգսյանն իր առաջարկը հնչեցրեց Ազգային ժողովում կայացած քննարկման ընթացքում, որը կազմակերպել էր տնտեսական հարցերի հանձնաժողովը։
Առաջարկը հետևյալն է`եթե խանութը կամ սպասարկման վայրը չի տրամադրի ՀԴՄ կտրոն, իսկ քաղաքացին այդ մասին կհայտնի ՊԵԿ–ին, նա կկարողանա ստանալ եկամտային հարկի մասնակի վերադարձ։
Այդ դեպքում Հայաստանում, պատկերավոր ասած, կհայտնվի երեք միլիոն հարկային տեսուչ, այսինքն` յուրաքանչյուր ոք կօգնի հարկեր հավաքել։
«Եթե մենք ուզում ենք սահմանների պաշտպանություն, մեր երեխաների կրթություն, մատչելի բժշկական օգնություն, ապա այս ամենը գին ունի, ու դա ունենալու միակ միջոցը հարկերն են։ Հետևաբար բոլորս պիտի օգնենք, որ հարկերը հավաքագրվեն», - ասաց պատգամավորը։
Քննարկմանը ներկա ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ Սարգսյանի առաջարկը կընդունվի քննարկման (ինչը դեռ չի ենթադրում, որ կառավարությունը դրան դրական կարձագանքի. խմբ)։