Նախորդ տարի ՀՀ է այցելել ավելի քան 2.2 մլն զբոսաշրջիկ, բայց 2023-ի համեմատ թիվը նվազել է

Զբոսաշրջիկներ Երևանում
Զբոսաշրջիկներ Երևանում. Արխիվային լուսանկար
Վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։ Ամենաշատ զբոսաշրջիկներ ՀՀ են այցելել Ռուսաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն այցելել է 2 208 179 զբոսաշրջիկ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։
Пресс-конференция председателя Комитета по туризму Лусинэ Геворгян (7 февраля 2025). Ереван
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը
«2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2 316 000 մարդ։ Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա այդ տարի ընդամենը 1.8 մլն զբոսաշրջիկ ենք ունեցել»,– նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով` վերջին 5 տարում զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ։
Ըստ կոմիտեի նախագահի` սա շատ կարևոր ցուցանիշ է, որը պատրաստվում են բարելավել և առաջիկա 5 տարում նախատեսում են հասնել նրան, որ տարեկան առնվազն 3 մլն զբոսաշրջիկ այցելի Հայաստան։ Գևորգյանը հավելեց, որ Հայաստանի համար թիրախային շուկաներ այս պահին մնում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Պարսից ծոցի մյուս երկրները:
Անդրադառնալով ավիափոխադրումներին` նա շեշտեց, որ այս պահին քննարկման փուլում են տասնյակ նոր ուղղություններ (խոսքն ուղիղ չվերթերի մասին է) դեպի եվրոպական, ասիական և արաբական երկրներ։
Հարցին, թե միջինում Հայաստանում որքան գումար է ծախսում մեկ զբոսաշրջիկը, Գևորգյանը պատասխանեց` համագործակցում են միջազգային վճարային քարտերից մեկի հետ, որը հստակ և առանց խախտելու անձի տվյալների գաղտնիությունը, վիճակագրություն է տրամադրում։ 2025 թվականին հստակ կլինեն տվյալներ 1 օր և ավելի ՀՀ–ում ապրած օտարերկրացու ծախսած միջին գումարի մասով։
Կոմիտեի տվյալներով` ինքնուրույն ՀՀ ժամանող զբոսաշրջիկն ուղևորության համար միջինը ծախսում է 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով ժամանողները` միջինը 2 000 դոլար:
Լուսինե Գևորգյանը նաև վիճակագրական տվյալներ հայտնեց, թե որ երկրներից են ամենաշատը ՀՀ այցելել։
«Ռուսաստանից Հայաստան է եկել 937 823 զբոսաշրջիկ, որն ընդհանուր թվի մեջ կազմում է 43 տոկոս։ Հաջորդը Վրաստանն է, այստեղից Հայաստան է այցելել 279 368 զբոսաշրջիկ (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 13 տոկոս), Իրանից` 178 785–ը (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 8.4 տոկոս)։ Աճ ունենք նաև Չինաստանից եկած զբոսաշրջիկների պարագայում»,– ասաց կոմիտեի նախագահը։
Ավելի վաղ կոմիտեն հրապարակել էր վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց Հայաստան ժամանողների թվով առաջատարը մնում է Ռուսաստանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Վրաստանն ու Իրանը, իսկ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը եզրափակել են հնգյակը: