ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀԱՊԿ երկրների խորհրդարանական հանձնաժողովների նախագահները, որոնք պատասխանատու են միջազգային հարաբերությունների և պաշտպանության ոլորտի համար, քննարկել են 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշել հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Քննարկվել են 2024 թվականին ՀԱՊԿ ձևաչափով բազմակողմ համագործակցության հիմնական արդյունքները, ուրվագծվել են հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման, ասոցիացիայի գործունեության խորհրդարանական հարթության ամրապնդման և արտաքին քաղաքական համակարգման խորացման հիմնական ոլորտները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միջոցառմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները և կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։