ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դեռևս չի ներկայացրել պատանդների 5-րդ խմբի ցուցակը, որոնց, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում, նախատեսում է փետրվարի 8-ին ազատ արձակել: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցակի տրամադրման ուշացումը պայմանավորված է նրանով, որ ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում է համաձայնագրի հումանիտար արձանագրությունը չպահպանելու մեջ:
«ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տեղեկացրել է, որ Իսրայելը չի պահպանում համաձայնեցված մարդասիրական արձանագրությունը, հատկապես այն առումով, որ վերաբերում է փլատակները մաքրելու նպատակով շարժական տների, վրանների և սարքավորումների ներկրմանը», - հայտարարել են լրատվամիջոցի աղբյուրները՝ հավելելով, որ շարժումը Եգիպտոսին և Կատարին կոչ է անում միջամտել իրավիճակին:
Իսրայելական բանտերից պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդներին ազատելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության շրջանակներում հունվարի 19-ից Գազայի հատվածում գործում է հրադադարի ռեժիմ:
Գործարքի առաջին փուլի շրջանակներում, որը նախատեսում է 42 օրվա ընթացքում 33 իսրայելցի պատանդների և շուրջ հազար պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում, արդեն տեղի է ունեցել 4 փոխանակում: