ԶՊՄԿ–ի աշխատակիցների ծեծկռտուքից հետո 3 անձ է ձերբակալվել

Ձեռնաշղթա, ոստիկան
Ձեռնաշղթա, ոստիկան
Զենքի գործադրմամբ ծեծկռտուքից հետո 8 անձ էր բերման ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 3 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Երեկ տեղեկացրել էինք, որ Քաջարանի Պոչամբար կոչվող թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել գործադուլ հայտարարած և գործադուլին դեմ արտահայտվող աշխատակիցների միջև, բողոքի ակցիա անողները զենքով, դանակներով հարձակվել են ԶՊՄԿ–ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին։

«3 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` հունվարի 31–ի առավոտից ԶՊՄԿ-ի շուրջ 200 աշխատակիցներ գործադուլ էին անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ կդիմի խիստ քայլերի, եթե նրանք չդադարեցնեն գործադուլը։ Փետրվարի 4–ին կոմբինատի ղեկավարության և գործադուլ հայտարարած աշխատակիցների միջև կայացած հանդիպումը որևէ արդյունք չէր տվել։