ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ շուտով երկրում «հակաքրիստոնեական նախապաշարմունքների» դեմ պայքարի նոր հրամանագիր կստորագրի, միաժամանակ հայտնել է «կրոնական ազատության» հարցերով ԱՄՆ նոր հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին նա հայտարարել է ազգային աղոթք- նախաճաշի ժամանակ իր ելույթում։
«Ես հայտարարում եմ, որ ստեղծելու եմ կրոնական ազատության բոլորովին նոր նախագահական հանձնաժողով։ Դա շատ մեծ գործ կլինի, որն անխոնջ կաշխատի այդ հիմնարար իրավունքի պաշտպանության ուղղությամբ»,-հայտարարել է Թրամփը։
Թրամփը նաև ասել է, որ հրամանագիր կստորագրի ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին երկրում հակաքրիստոնեական նախապաշարմունքների դեմ պայքարին ուղղված նոր աշխատանքային խմբի ղեկավար նշանակելու մասին։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր ԱՄՆ-ում պաշտոնյաների ուռճացված աշխատակազմը և խոստացել էր կրճատել պաշտոնական մարմինների թիվը: