Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել

Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով՝ անօդաչուն պայթուցիկ սարք է նետել մարդատար ավտոմեքենայի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ անչափահաս աղջիկ: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ողբերգություն Վալույսկի շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Լոգաչևկա գյուղի հատվածում 3 մարդ է զոհվել։ Նախնական տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը պայթուցիկ սարք է նետել մարդատար ավտոմեքենայի վրա: Հարձակման պահին մեքենայում ենթադրաբար եղել են մի տղամարդ ու 18 և 14 տարեկան երկու աղջիկ։ Նրանք տեղում մահացել են»։
Տարածաշրջանի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին: Նա միաժամանակ հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 27-ից Լոգաչևվկա գյուղում արտակարգ իրավիճակի ռեժիմ է հաստատված։
«Դա նշանակում է, որ մուտքը Լոգաչևկա արգելված է, ուստի ուզում եմ ևս մեկ անգամ դիմել բոլոր բնակիչներին՝ օպերատիվ շտաբի որոշմամբ փակված բնակավայրեր չի կարելի այցելել»,- տեղեկացրել է Գլադկովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։