ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Ստամբուլի գլխավոր դատախազությունը 2 տարի 8 ամսից մինչև 7 տարի 4 ամիս ազատազրկում է պահանջում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար՝ գլխավոր դատախազին և նրա ընտանիքին սպառնալու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հետաքննությունը սկսվել էր հունվարի վերջին՝ այն բանից հետո, երբ Իմամօղլուն հեռուստահաղորդումներից մեկում հեռակա կարգով դիմել էր գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքին՝ նշելով, որ մտադիր է «արմատախիլ անել և դեն նետել» գլխավոր դատախազին կառավարող միտքը, որպեսզի նրա երեխաները նման վերաբերմունքի չենթարկվեն, «որպեսզի նրանց վաղ առավոտյան տնից չհանեն»: Քանի որ պաշտոնյան, որին սպառնալու կասկածանքով հետաքննություն է սկսվել, զբաղվում է այդ թվում ահաբեկչության դեմ պայքարով, հետաքննությունը վարել է հակաահաբեկչական ստորաբաժանումը:
«Մեղադրական եզրակացության համաձայն՝ դատախազությունը Իմամօղլուի համար 2 տարի 8 ամսից մինչև 7 տարի 4 ամիս ազատազրկում է պահանջում»,-հայտնել է NTV հեռուստաալիքը: Դատախազները նաև պահանջում են արգելել Իմամօղլուի քաղաքական գործունեությունը՝ համարելով, որ քաղաքապետն իր հայտարարություններով նվաստացրել է գլխավոր դատախազին։
Քաղաքապետի փաստաբան Քեմալ Փոլադը հայտարարել է, որ փաստաբանների թիմը դեռևս որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել դատախազության պահանջների վերաբերյալ:
Քաղաքապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ մեկի երեխաներին չի սպառնացել, իսկ նրա խոսքերում ընդամենը «անաչառ արդարադատության» կոչ է եղել: Այսօր նա X սոցիալական ցանցում գրել է, որ դատախազության փաստաթղթերը նախ հայտնվել են իշխանամետ ԶԼՄ-ներում, ինչը, նրա կարծիքով, վկայում է «խուճապի» մասին:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), որը երկրի հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժն է, մտադիր է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար ազատազրկման դատավճռի հաստատման դեպքում ակտիվորեն կոչ անել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, 2024 թվականի սեպտեմբերին այս մասին հայտարարել էր կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Գյոքհան Գյունայդընը։
Իմամօղլուն 2022 թվականի դեկտեմբերին ԿԸՀ ներկայացուցիչներին վիրավորելու համար դատապարտվել էր 2 տարի 7,5 ամսվա ազատազրկման և զրկվել էր քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Նրա պաշտպանությունը բողոքարկել էր որոշումը։ Որպեսզի քաղաքական գործունեության արգելքն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է վերադաս ատյանի հավանությունը՝ ԿԸՀ դիմումի հիման վրա։ Կուսակցությունը սպասում է վերաքննիչ դատարանի որոշմանը։