Հայտնի է Մերձավանում սպանված տղայի անունը. նա գյուղապետի զարմիկն էր

Մերձավանի գյուղապետին, որը այս ամբողջ պատմության էպիկենտրոնում է, «սատարում է» աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը հենց Փարաքարից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. Անցած գիշեր Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում կրակոցների հետևանքով մահացածը բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ տղան է` 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Այս մասին գրում է Mediahub կայքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել. 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։
Կայքի տեղեկություններով` Մհեր Ախտոյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի «Թոխմախի Մհերի» սանիկն է։ Նա գյուղում մշտապես սկանդալների ու կռիվների կիզակետում է եղել։
Կայքին նաև հայտնի է դարձել, որ Մհեր Ախտոյանին, որը, ի դեպ, իր քաղաքական թևը փոխել է 2018-ից հետո, հիմա էլ հովանավորում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը հենց Փարաքարից է։
Հիշեցնենք` դեպքից հետո 2 անձ է ձերբակալվել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։