ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արգենտինան որոշել է հետևել ԱՄՆ-ի օրինակին և լքում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ից դուրս գալու մասին հրամանագրեր էր ստորագրել: Նոր վարչակազմը կարծում է, որ կազմակերպությունը ոչ միայն բավականաչափ արդյունավետ չէ, այլև քաղաքական ազդեցության տակ է և ԱՄՆ-ից չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում:
«Նախագահ Միլեյը արտաքին գործերի նախարարին հանձնարարել է դադարեցնել Արգենտինայի մասնակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը»,- ասել է Ադորնին:
Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեությունը տարաձայնություններ է առաջացնում առողջապահական համակարգի կառավարման վերաբերյալ, հատկապես համավարակի ժամանակ։
«Մենք՝ արգենտինացիներս, միջազգային կազմակերպությանը թույլ չենք տա միջամտել մեր ինքնիշխանությանը, առավել ևս՝ մեր առողջությանը», - ասել է Ադորնին:
Նա հավելել է, որ Արգենտինան ԱՀԿ-ից ֆինանսավորում չի ստանում, ուստի կազմակերպությունից դուրս գալը երկրի համար միջոցների կորստի չի հանգեցնի և չի ազդի ծառայությունների որակի վրա: