ԱՀԿ-ից դուրս գալու՝ Թրամփի որոշումը խնդիրներ կստեղծի․Օնիշչենկո

Sputnik
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը խնդիրներ կստեղծի ինչպես հիվանդությունների տարածման, այնպես էլ այդ հիվանդությունների մասին տեղեկատվություն ստանալու համար»․-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ-ի երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
«Մեզ՝ պրոֆեսիոնալ բժիշկներիս համար, սխալ է քանդել հինը, ընդ որում ՝ առանց նոր բան ստեղծելու։ Արտաքուստ դա նման է Թրամփի հայտարարած մոդելին`եկեք զբաղվենք մեր տնտեսությամբ, և վերջ։ Իլոն Մասկը լավ գործարար է, բայց վատ է տիրապետում կենսաբանական զենքին։ Կենսաբանական և թունավոր զենքի գլոբալ կոնվենցիայում ԱՀԿ-ն շատ կարևոր բաղադրիչ է: Բժիշկ-փորձագետները, ուսումնասիրելով այս կամ այն հարուցիչը, կարող են ասել՝ դա բնակա՞ն դրսևորում է, թե՞ կանխամտածված», - ընդգծել է ակադեմիկոսը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարեկան 300 մլն դոլարի չափով ֆինանսավորման կորուստը, ԱՄՆ-ի՝ կառույցից դուրս գալու որոշումը զգալիորեն կնվազեցնի կազմակերպության հնարավորությունները: