ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Պաշտպանական ծախսերի ավելացումը Եվրոպայի տնտեսությունը նախաճգնաժամային վիճակի մեջ է մտցնում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում հիմա գերիշխում է ռազմատենչ մոտեցումը։ Ռուսաստանից եկող երևակայական սպառնալիքի պատրվակով ուռճացվում են ռազմական և պաշտպանական ծախսերը։ Պաշտպանական ծախսերի ավելացումը եվրոպական տնտեսությունը մտցնում է շատ լուրջ անհարմարության գոտի, նախաճգնաժամային վիճակի մեջ է գցում»,-ասել է Պեսկովը։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Մոսկվան ոչինչ չունի ավելացնելու այն ամենին, ինչ բազմիցս ասել է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման թեմայով:
«Մենք դեռ ոչինչ չունենք ավելացնելու նրան, ինչ նախկինում բազմիցս ասել ենք այդ թեմայով»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի հարցում առաջընթացի հասնելու մասին ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
Պեսկովը մատնանշել է աշխարհի անխուսափելի բազմաբևեռությունը՝ չբացառելով Յալթա-2-ի անցկացումը համաշխարհային կոնֆիգուրացիայի քննարկման համար:
«Աշխարհը փոխվում է, և իհարկե աշխարհում ավելի ու ավելի շատ ուժի կենտրոններ են հայտնվում թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, թե՛ անվտանգության ապահովման առումով։ Աշխարհը դառնում է բազմաբևեռ, և առանձին վերցրած բևեռներն այլևս ի վիճակի չեն ապահովել աշխարհի անվտանգությունն ու կայունությունը։ Բազմաբևեռությունն այն գործոնն է, որը չի կարելի անտեսել, պետք է ելնել դրանից։ Եվ, իհարկե, դեռ շատ քննարկումներ կան համաշխարհային գործերի ապագա կոնֆիգուրացիայի վերաբերյալ»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք Յալթա-2-ը իրականություն դառնա` չնայած այն բանին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի դաշնակիցները ներկա հակամարտության մեջ տարբեր կողմերում են։