IIHF խորհրդի որոշմամբ Ռուսաստանի հավաքականը մինչև 2026-ը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կկայանա Ցյուրիխում և Ֆրիբուրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի - Sputnik. Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) խորհուրդը մինչև 2026 թվականն է երկարաձգել ժամկետը, որի ընթացքում Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի (ՌՀՖ) պաշտոնական կայքը:
IIHF խորհուրդը 2022 թվականի փետրվարի վերջին անորոշ ժամանակով հեռացրեց Ռուսաստանի և Բելառուսի հավաքականներին միջազգային մրցումներից՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։
«Մեր թիմին թույլ չտալու IIHF-ի փաստարկներից մեկը մասնակիցների անվտանգությունն էր։ Մեր կարծիքով, այս փաստարկը բավականաչափ ուժեղ չէ: Հոկեյի ազգային լիգայում հանդես են գալիս ավելի քան 50 ռուսներ։ Ռուս լողորդները, շախմատիստները, այլ մարզաձևերի ներկայացուցիչները մասնակցում են միջազգային մրցումների, և դրանց ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունենում: Մեր առաջարկներից մեկն էր ֆինանսավորել ռուսական թիմի լրացուցիչ անվտանգությունը, միայն թե հոկեյի երկրպագուներն ամբողջ աշխարհում կրկին տեսնեն մոլորակի ուժեղագույն հավաքականներից մեկին»,- ասել է ՌՀՖ-ի միջազգային հարցերով հատուկ ներկայացուցիչ Պավել Բուրեն։
Աշխարհի 2025 թվականի առաջնությունը կանցկացվի շվեդական Ստոկհոլմում և դանիական Հերնինգում, 2026 թվականին՝ շվեյցարական Ցյուրիխում և Ֆրիբուրում: