ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Հայաստանում երկրորդ անգամ կփորձեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ընտրել։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, այս կառույցի ղեկավարի ընտրության հարցը վերածվել է տրագիկոմեդիայի։
«Ընտրության համար հերթական մրցույթն է հայտարարվել։ Թեկնածուների փաստաթղթերի ընդունման ժամկետը փետրվարի 6-ն է: Մնացել է 2 օր, ու որևէ մեկը մինչ այս պահը չի ներկայացրել իր թեկնածությունը։ Ստացվում է՝ ՀՀ-ում որևէ մեկը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու ցանկություն չունի»,– նշում է թերթը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է մրցույթ անցկացվում, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի արդյունքները և չընտրվեց։ Մրցույթը բավականին թեժ անցավ, անգամ հանձնաժողովի անդամները լարված խոսակցություններ ունեցան միմյանց հետ:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 2021 թվականի սեպտեմբերի 16-ից ղեկավարում էր Սասուն Խաչատրյանը, որը, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, 2024 թվականի նոյեմբերին պաշտոնից ազատվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած SMS-ից հետո։