ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Իրանում ցուցադրել են 1700 կմ հեռահարությամբ նորագույն «Էթեմադ» (պարսկերենից թարգմանաբար՝ «Վստահություն») բալիստիկ հրթիռը։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
Տեխնիկայի ցուցադրությունը կայացել է Իսլամական հեղափոխության 46-ամյակին ընդառաջ:
Իրանական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է նաև «Բավար 373» հակաօդային պաշտպանության համակարգը:
Նշվում է, որ համակարգի գործողության շառավիղը մինչև 300 կմ է, այն ունակ է հետևել 60 թիրախի և միաժամանակ աշխատել 6 թիրախի հետ:
Արարողությանը ներկա է եղել երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Հունվարին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր երկու ստորգետնյա ռազմաբազաների մասին, որոնցից մեկն ապահովում է Ռազմածովային ուժերի կարիքները: Բացի այդ, ներկայացվել էր «Գազա» գերծանր ԱԹՍ-ն, որը կարող է մինչև 13 մարտական լիցք տանել մինչև 4 հազար կմ հեռավորությամբ: