Գազայում Իսրայելի զոհ է դարձել ավելի քան 61 հազար մարդ․ Պաղեստինի իշխանություններ

Զոհվածների թվում են 1155 բուժաշխատող, 205 լրագրող և քաղաքացիական պաշտպանության 194 աշխատակից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության զոհ է դարձել ավելի քան 61 հազար մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը։
Պաղեստինի առողջապահության նախարարության կողմից փետրվարի 1-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 47.487 մարդ:
«Ավելի քան 61 հազար մարդ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության զոհ է դարձել»,-ասվում է հայտարարության մեջ:
Կառավարության տվյալներով՝ զոհվածների թվում կա 1155 բուժաշխատող, 205 լրագրող և քաղաքացիական պաշտպանության 194 աշխատակից:
Գազայի հատվածի ավերված շրջանները լուսանկարել են դրոնից․ ապոկալիպտիկ կադրեր
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին և հայտարարել են, որ ձգտում են վերջնականապես ավարտել ռազմական գործողությունները, որոնք 15 ամսվա ընթացքում տարածվել են Լիբանան և Եմեն, հրահրել հրթիռային հարվածների փոխանակում Իսրայելի և Իրանի միջև:
Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվել է 2023 թվականի նոյեմբերին և տևել է ընդամենը վեց օր։