ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. «Փյունիկի» ֆուտբոլային ակումբի կազմին է միացել 26-ամյա ռուս կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը: Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Կուլիկովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է և 2018 թվականին իր նորամուտն է նշել ռուսական ակումբի հիմնական թիմի կազմում: Վերջինիս հետ նա դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր (2018/19, 2020/21 թթ.) և սուպերգավաթակիր (2019 թ.): «Երկաթուղայինների» կազմում Դանիիլ Կուլիկովը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2020/21 թթ. և Եվրոպա լիգայի 2021/22 թվականների խաղարկությունների խմբային փուլի հանդիպումներին։ Դանիիլին մաղթում ենք բարի գալուստ և հաջող ելույթներ «Փյունիկում»»,–հայտնել է ակումբը:
Ընդհանուր առմամբ, Կուլիկովը «Լոկոմոտիվում» անցկացրել է 89 խաղ։ Նա կես տարի էլ հանդես է եկել ռուսական մեկ այլ թիմում՝ «Ռոդինայում»:
Ռուս ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մինսկի «Դինամոն» էր, որտեղ նա խաղացել է 2024 թվականի օգոստոսից: 2024 թվականին Կուլիկովը «Դինամոյի» հետ դարձել է Բելառուսի չեմպիոն, ինչպես նաև դինամոյականների կազմում մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հանդիպումներին:
2020-21 թվականներին Դանիիլ Կուլիկովը հանդես է եկել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել է 2021 թվականի Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին: