ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը կդիմի խիստ քայլերի, եթե իր աշխատակիցների մի մասը չդադարեցնի իր գործողությունները։ Ընկերությունը հայտարարություն է տարածել։
Լրատվամիջոցները գրել էին, որ հունվարի 31–ի առավոտից ԶՊՄԿ ավելի քան 700 աշխատակից գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:
ԶՊՄԿ ղեկավարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ ընկերության մի շարք աշխատակիցներ հունվարի 31–ին չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել աշխատանքային գործընթացը:
Նշվում է, որ ԶՊՄԿ արհմիությունը այդ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։
«Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։ Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի»,– ասված է հայտարարության մեջ:
Ընկերությունից նշում են նաև, որ աշխատանքային պարտավորությունները խախտողները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության:
Հավելենք նաև, որ գործադուլ իրականացնող աշխատակիցները գիշերել են կոմբինատի տարածքում։ Նրանք ասում են՝ գործադուլը շարունակելու են այնքան, մինչև հարցը լուծում ստանա։