ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Ռուսական «Հյուսիս» խմբավորումը Կուրսկի մարզի սահմանին պարտության է մատնել ուկրաինական 11 բրիգադների կազմավորումներին, ինչպես նաև հետ է մղել երկու հակագրոհ: Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում վնաս են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի ծանր մեխանիզացված ստորաբաժանումներին, չորս մեխանիզացված բրիգադներին, երկու դեսանտագրոհային բրիգադներին, նավատորմի բրիգադին և երեք տարածքային պաշտպանության բրիգադներին Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Կուրիլովկա, Լեբեդևկա, Մալայա Լոկնյա, Մախնովկա, Միռնի, Նիկոլաևկա, Նիկոլսկի, Նովայա Սորոչինա և Սվերդլիկովո բնակավայրերի տարածքում։ Հետ է մղվել երկու հակահարձակում», - ասվում է հաղորդագրությունում։
Բացի այդ, օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան հրետանու հետ միասին կենդանի ուժ և տեխնիկա են խոցել Կուրսկի մարզի 13 բնակավայրերի շրջաններում, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի հինգ բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։