ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար։ Այս մասին սոցցանցում հայտնել է ինքը՝ Գասպարյանը։
Այս պաշտոնում նա փոխարինել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին։
«Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում ( ֆեդերացիայում), ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար»,- գրել է Գասպարյանը։
Նա վստահություն է հայտնել, որ գրագետ և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ավելիին։
2024 թվականի սեպտեմբերին Սամվել Գասպարյանը հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին։ Որպես այս քայլի պատճառ նա նշել էր առողջական խնդիրները։
Նշենք, որ Սամվել Գասպարյանը երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ Իսկ 2022 թվականին նա դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։