Պոտոմակ գետում հայտնաբերվել են Վաշինգտոնի ավիավթարի հետևանքով 40 զոհվածների մարմինները

Պոտոմակ գետում դիակների որոնում
Ամերիկյան մայրաքաղաքի երկնքում հունվարի 30-ին բախվել են ուղևորատար ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով 40 զոհվածների մարմինները փրկարարները հայտնաբերել են գետում: Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոսել էր ավիավթարի պատճառների մասին. ուղղաթիռը գտնվել է ուղևորատար ինքնաթիռի հետ նույն բարձրության վրա: Ավիավթարից փրկվածներ չկան։ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն շփումներ է ունեցել Ռուսաստանի հետ՝ զոհված ռուսների աճյունները հայրենիք փոխանցելու հարցով:
Հիշեցնենք, որ ուղևորատար ինքնաթիռն ու ռազմական ուղղաթիռը հունվարի 30-ին բախվել էին Վաշինգտոնի երկնքում՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտակայքում:
Ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 3 զինվոր։ Տեղեկության համաձայն՝ ինքնաթիռը բախվել է ԱՄՆ ցամաքային զորքերին պատկանող Black Hawk ուղղաթիռին, որն ուսումնական թռիչք էր կատարում։
Ինքնաթիռում եղել է 8 գեղասահորդ՝ Սպենսեր Լեյնը, Ջիննա Խանը, Ֆրանկո Ապարիսիոն, Էվերլի և Ալիդիա Լիվինգստոնները, Շոն Քեյը, Անջելա Յանգը և Էդվարդ Չժոուն: Նրանցից բացի, օդանավում են գտնվել նաև գեղասահքի 1994 թվականի աշխարհի չեմպիոններ Եվգենիա Շիշկովան և Վադիմ Նաումովը, ինչպես նաև զուգասահքի ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիր Իննա Վոլյանսկայան։
Ողբերգություն Վաշինգտոնի երկնքում. ուղղաթիռի և ինքնաթիռի բախման վայրը` լուսանկարներում