ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի պաշտոնական դուրս գալու, ինչպես նաև Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում առաջիկա տարիներին կարող են նախադրյալներ ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուժային միջոցներ ձեռնարկելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե.Մ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամ» զեկույցում։
Ինստիտուտի կայքում հրապարակված զեկույցում նշվում է, որ 2022 թվականից Հայաստանի ղեկավարությունը խզում է հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմատեխնիկական ոլորտում՝ միաժամանակ ընդլայնելով գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ը Երևանին անվտանգության զգալի երաշխիքներ չի տալիս, իսկ Եվրամիության անդամներից միայն Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսն են աջակցում հայկական բանակի վերազինմանը և պատրաստակամություն ցուցաբերում քաղաքական առումով աջակցել երկրին։
Զեկույցում ասվում է, որ հայ-ադրբեջանական ռազմական բախման դեպքում, սակայն, այդ պետությունները չեն կարողանա հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության հուսալի երաշխավորներ։
«Նրանց գործողությունները միայն վստահություն են տալիս Անկարային և Բաքվին, որ կարող են «հայկական խնդիրը» լուծել ուժային ճանապարհով բարենպաստ իրավիճակի դեպքում: Դրա նախադրյալները կարող են առաջանալ արդեն առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու և Հայաստանում ռուսական ռազմական ներկայության վերացման դեպքում», - նշել են ինստիտուտից։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։