ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը շարունակում է նոր բարքեր հաստատել ռադիոյում, գրում է «Հրապարակ» թերթը:
Պարզաբանվում է, որ այս տարի աշխատանքային պայմանագրերի վերաթարմացման ժամանակ կադրերի բաժնից հորդորել են ռադիոյի աշխատողներին ուշադիր կարդալ նոր պայմանագրերը և հետևողական լինել դրանք չխախտելու հարցում, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնեն։
«Մեզ պատմեցին, որ պայմանագրում հատուկ կետ է մտցվել, որ Հանրայինի աշխատակիցներն այսուհետ իրավունք չունեն սոցիալական հարթակներում քննադատական, վիրավորական գրառումներ, մեկնաբանություններ կատարել գործող իշխանությունների մասին, հակառակ պարագայում զգուշացումներից հետո կազատվեն աշխատանքից»,–գրում է թերթը:
Հիշեցնենք` դեռ անրային ռադիոյի տնօրենի ԺՊ–ի պաշտոնում Արմեն Քոլոյանն առանձնացավ իր սկանդալային քայլերով։ Նշանակումից կարճ ժամանակ անց` 2024–ի սեպտեմբերին, նա Հանրային ռադիոյի լրատվականի պատից կախեց Բաքվի և Անկարայի ժամերը ցույց տվող ժամացույցներ։
Աշխատակիցները, որոնց թվում է նաև 44–օրյայի ժամանակ զոհվածի մայր Ալիսա Գևորգյանը, «Բաքու» անվանումով ցուցանակը փոխարինեցին «Ստեփանակերտ» ցուցանակով։