ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. ԵԱՏՄ-ն մեծացնում է ազատ առևտրի գործընկերների ցանցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ:
Այս կապակցությամբ նա նշել է ԵԱՏՄ լոգիստիկ ներուժի իրացման, հատկապես՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր ծրագրի կարևորությունը։
Ներքին շուկայում, նրա խոսքով, անհրաժեշտ է խթանել համատեղ արտադրությունների կոոպերացիոն շղթաները՝ միության տեխնոլոգիական և արդյունաբերական ինքնիշխանությունն ամրապնդելու նպատակով։
ՌԴ վարչապետը նաև կարևորել է ներքին զբոսաշրջության զարգացումը ԵԱՏՄ ընդհանուր տարածքում։
Նա նշել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատում միության գործընկերների հետ բազմակողմանի համագործակցությունը և հիշեցրել է, որ հունվարի 1-ին ԵԱՏՄ-ն նշել է 10-ամյա հոբելյանը: Միշուստինը հիշեցրել է նաև, որ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին միությունում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,3%-ով, կատարված շինարարական աշխատանքների ծավալը՝ 3%-ով, իսկ մանրածախ առևտրի շրջանառությունը՝ ավելի քան 7,5%-ով։
Հավելենք, որ միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով հավանության է արժանացել Եվրասիական տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ԵԱՏՄ երկրների միջոցառումների մասին 2022-2024 թվականների զեկույցը։ Զեկույցի համաձայն՝ այդ միջանցքներին բաժին է ընկնում ԵԱՏՄ-ում տարանցիկ փոխադրումների ծավալի մոտ 70 տոկոսը։
Հիշեցնենք, որ Եվրասիական միությունն ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ, առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր է գործում Չինաստանի հետ: Քննարկվում են Եգիպտոսի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և Իսրայելի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի նախագծերը, ավարտվել են Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բանակցությունները: