ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. 2025 թվականին Բելառուսը կառաջարկի ԱՊՀ տարածքում ԱԲ կարգավորման մոդելային օրենքի նախագիծ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ ելույթ ունենալով Ղազախստանում ընթացող Digital Almaty համաժողովում։
Տվյալ օրենքը կարող է նաև հիմք դառնալ ԵԱՏՄ երկրներում ԱԲ տեխնոլոգիաների նկատմամբ ընդհանուր մոտեցումների մշակման համար, հավելել է նա։ Բելառուսի վարչապետը նշել է, որ 2025 թվականին Մինսկը կաջակցի ԵԱՏՄ-ի համատեղ տվյալների բազաների ստեղծմանը, որոնցից հնարավոր կլինի օգտվել փոխադարձ առևտրի պարզեցման, ինչպես նաև մարդկանց տեղաշարժի համար:
Իր հերթին, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը ԵԱՏՄ երկրների տվյալների անվտանգության ապահովման նպատակով կարևորել է ԱԲ-ի սեփական մոդելների (LLM կամ ավելի մեծ լեզվական մոդելների) ստեղծումը:
Բեկտենովը ԵԱՏՄ երկրներից ԱԲ ոլորտի մշակողներին հրավիրել է Alem.ai ԱԲ-ի նոր միջազգային կենտրոն, որը երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով կբացվի Աստանայում այս տարի։
Նշենք, որ համաժողովն ընթանում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ։ Հայաստանի պատվիրակությունը նիստում և համաժողովում գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: