ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Դավիթ և Վարդան Ամարյան եղբայրների «Բալչուգ կապիտալ» ներդրումային ֆոնդը ձեռք կբերի «Goldman Sachs» կորպորացիայի դուստր բանկը Ռուսաստանում։ Forbes-ի տվյալներով՝ գործարքի թույլտվությունը տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Goldman Sachs»-ը Ռուսաստանում գործում է 1998 թվականից՝ որպես մասնաճյուղ, իսկ 2008 թվականից՝ որպես բանկ («Goldman Sachs Bank»): 2022 թվականի մարտին կորպորացիան դադարեցրեց ներդրումային (բրոքերային և դիլերային) գործունեությունը Ռուսաստանում՝ ռուսական շուկայում մնալով միայն որպես բանկ։
Նշենք, որ վերջին տարիներին «Goldman Sachs» բանկը կրճատել է իր ակտիվները։ Համեմատության համար նշենք, որ 5 տարի առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերին, այն ռուսական բանկերի թվում ակտիվների ծավալով 135-րդ հորիզոնականում էր (մոտ 24 մլրդ ռուբլի), սակայն 2024 թվականի դեկտեմբերին դրանց ծավալը կրճատվեց մինչև մոտ 5 մլրդ ռուբլի (229-րդ տեղ): Բանկը չի աշխատել ֆիզանձանց հետ` մասնագիտանալով կորպորատիվ հաճախորդների ոլորտում։
«Բալչուգ կապիտալ» ֆոնդի պորտֆելը գերազանցում է 250 մլն դոլարը։ Այն 2009 թվականին հիմնադրել են Ամարյան եղբայրները։ Մինչ այդ Դավիթ Ամարյանը հինգ տարի աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունում, որը հիմնել էր ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը (այժմ գտնվում է Բաքվի բանտում, որի նկատմամբ բեմադրված «դատավարություն» է ընթանում):
Սա ընկերության առաջին գործարքը չէ Ռուսաստանում արևմտյան ակտիվների հետ: 2023 թվականի փետրվարին «Balchug»-ը Սանկտ Պետերբուրգի համանուն օդանավակայանի մոտ ֆիննական ընկերություններից ձեռք էր բերել «Pulkovo Sky» բիզնես կենտրոնը։