ՔՊ–ական պատգամավորն առաջարկում է օդանավակայաններում տեղադրել անվտանգության տեսախցիկներ

«Զվարթոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Առաջարկվում է «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» նախազգուշացնող գրություններով տեսախցիկներ տեղադրել օդանավակայանների մուտքի և ելքի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. ՀՀ ՆԳՆ-ն պետք է տեսախցիկներ տեղադրի օդանավակայանների մուտքի և ելքի մոտ։ Այս մասին ասվում է «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխությունների փաթեթում, որոնք կառավարության քննարկմանն է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Օրինագծում ասվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» գրություններով։
Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ցամաքային անցակետերում ուժային գերատեսչությունների տեսախցիկներին:
Նշվում է, որ օրենքով չարգելված դեպքերում այդ տվյալները պետական և ոչ պետական կազմակերպություններին կարող են տրամադրվել վճարովի հիմունքներով: Թե որ դեպքերում դա կարող է տեղի ունենալ՝ չի հստակեցվում։
Օրինագծի վերաբերյալ ՆԳՆ-ն տալիս է ընդհանուր առմամբ դրական եզրակացություն, սակայն առաջարկում է սահմանափակել ոստիկանության մուտքը ԱԱԾ տեսանկարահանող սարքեր: Այս եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։