ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր պայթյուններ են լսում Զապորոժիեի ատոմակայանի տարածքից դուրս: Այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ։
«Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներն ամեն օր լսել են պայթյուններ կայանի սահմաններից դուրս, այդ թվում` մի քանի ուժեղ պայթյուն անմիջապես հարևանությամբ` այսօր», - ասվում է գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ բուն կայանում վնասներ չեն գրանցվել։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ԶԱԷԿ-ում ներկա են 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, գործակալության գլխավոր տնօրենի` էլեկտրակայան կատարած առաջին այցից հետո։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։