ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ևս 7 պատանդ է փոխանցել Կարմիր խաչի ներկայացուցիչներին:
«7 պատանդ, որոնցից 2-ը իսրայելցի են, 5-ը` օտարերկրյա քաղաքացի, Գազայի հատվածում փոխանցվել են Կարմիր խաչի ներկայացուցիչներին», - ասվում է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմ է գործում հունվարի 19-ից։
15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։