ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թև հանդիսացող «Ալ Քասամ» բրիգադները իսրայելցի կին պատանդ Ագամ Բերգերին Գազայի հատվածի Ջեբալիա ճամբարում հանձնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)։ Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը, որը հեռարձակել է գործընթացը:
«Ալ Քասամ» բրիգադներն ավելի վաղ հայտարարել էին, որ այսօր ազատ կարձակեն ևս 3 պատանդի:
Հիշեցնենք` Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։