2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը

Արխիվային լուսանկար
Սիգի որսը կիրականացվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 2025 թվականին Սևանա լճում կթույլատրվի 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվում պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2025 թ. հունիսի 1-ը։
«2025 թ. համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել»,– ասված է որոշման մեջ։
Բացի այդ, սիգի որսը կիրականացվի Սևանա լճի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։
Նախագծով ՀՀ պետական բյուջե մուտքերի ավելացում կլինի շուրջ 20.4 մլն դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարով: