ՀԱՄԱՍ–ը հայտարարել է, որ Իսրայելն ազատ կարձակի 110 պաղեստինցի բանտարկյալների

«Ալ Ղասամ» բրիգադներն ավելի վաղ հայտարարել էին, որ հունվարի 30-ին ազատ կարձակեն ևս երեք իսրայելցի պատանդների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Իսրայելը հունվարի 30–ին ազատ կարձակի 110 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 30 անչափահասի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գերիների հարցերով գրասենյակին։
«Վաղը՝ հինգշաբթի օրը, փոխանակման գործարքի առաջին փուլի շրջանակներում ազատ կարձակվեն ցմահ ազատազրկման դատապարտված 32 գերի, մեծ ժամկետով դատապարտված 48 գերի և 30 երեխա»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Ալ Ղասամ» բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը) հայտարարել էին, որ հունվարի 30-ին ազատ կարձակեն ևս երեք իսրայելցի պատանդների:
Հունվարի 26-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Գազայում կրակի դադարեցման վերաբերյալ Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) չորս կին զինծառայողների, որոնք առևանգվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:
ՀԱՄԱՍ–ն ազատ է արձակել իսրայելական բանակի 4 կին զինծառայողի
Պաղեստինի Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով հրադադարի մասին` հայտարարելով, որ ձգտում են վերջնականապես ավարտել ռազմական գործողությունները, որոնք 15 ամսվա ընթացքում 46 հազար պաղեստինցիների և մոտ մեկուկես հազար իսրայելցիների կյանք են խլել, տարածվել են դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում են հրահրել:
Սա հակամարտության ընթացքում երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվել է 2023 թվականի նոյեմբերին և տևել է ընդամենը վեց օր: