Արաղչին հաստատել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցելու Իրանի ձգտումը

Սեյեդ Աբբաս Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ հաստատելով գործակալության հետ համագործակցությունը շարունակելու Թեհրանի ցանկությունը: Այս մասին հայտնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ալիքը։
«ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հեռախոսազրույց են ունեցել․․․ մտքեր են փոխանակվել Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի միջև համագործակցության և տեխնիկական փոխգործակցության վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք են կնքել (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց:
Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից, եթե Արևմուտքի երկրները ճնշում գործադրեն նրա վրա. ԱԳՆ
ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունները և ուրանի հարստացման մակարդակը սահմանափակելուց։